Նոյեմբեր 13, 2018

Դիլիջանի միջազգային դպրոցի այցը «ՔԵՆԴԼ»

Սույն թվականի նոյեմբերի 13-ին Դիլիջանի միջազգային դպրոցի ավելի քան 30 սան այցելեցին «ՔԵՆԴԼ» ՍՀԻ: UWC-ն (United World Colleges, Միացյալ համաշխարհային քոլեջներ) գլոբալ կրթական շարժում է, որը կրթությունը վերածում է մարդկանց, ազգերը և մշակույթները միավորող ուժի՝ հանուն խաղաղության և կայուն ապագայի:

Դիլիջանի միջազգային դպրոցը UWC ցանցի լիիրավ անդամ է: Ներկայումս դպրոցում սովորում է 82 երկրի 213 ուսանող (Ճապոնիա, Նորվեգիա, Իսպանիա, Լեհաստան, Հնդկաստան, Չինաստան, Իտալիա, Հունաստան, Հայաստան և այլն):

Այցի սկզբում ուսանողներին ողջունեց ինստիտուտի տնօրենը, ով ներկայացրեց աշխարհի մի շարք ազգային գիտական լաբորատորիաներում էլեկտրոնային փնջերի և բարձր պայծառությամբ լույսի ստացման հիմնական սկզբունքները: Այնուհետև այցելուները շրջեցին ԱՐԵԱԼ արագացուցչային լաբորատորիայում՝ ծանոթանալով լազերով ղեկավարվող էլեկտրոնային արագացուցչի գործարկմանը, ինչպես նաև ժամանակակից միկրոմշակման և մանրադիտակի փորձարարական կայաններին: Ուսանողներին բացատրեցին գերկարճ իմպուլսների դերը նանոաշխարհի բացահայտման մեջ: