Հոկտեմբեր 21, 2016

ՄՀՄԻ պատվիրակության այցը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ

Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հիմնադրման 60-ամյակին նվիրված «ՄՀՄԻ օրերը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց «ՔԵՆԴԼ» ՍՀԻ:

Հյուրերն այցելեցին լազերով ղեկավարվող «ԱՐԵԱԼ» էլեկտրոնային արագացուցչի և միկրոմշակման ու երկֆոտոն մանրադիտակի կայաններով «ԴԵԼՏԱ» լաբորատորիաները: Ներկայացվեցին վերոնշյալ հետազոտական կենտրոններում կյանքի մասին գիտություններում և նյութագիտության բնագավառներում իրականացվող փորձարարական աշխատանքները: Հատուկ ուշադրության արժանացան «ԱՐԵԱԼ» փորձարարական կենտրոնում «ԱԼՖԱ» (ALPHA-Amplified Light Pulse for High-end Applications) և «ԲԵՏԱ» (BETA-Booster for Emerging Technology Accelerators) հետազոտական կայանների ստեղծման և միջազգային համագործակցության հեռանկարները: ՄՀՄԻ պատվիրակությունն իր աջակցությունն ու պատրաստակամությունը հայտնեց արագացուցչային տեխնոլոգիաների և դրանց կիրառությունների շրջանակներում համագործակցելու շուրջ:

Յուրի Հովհաննիսյանը ծագումով հայ ֆիզիկոս է, ով իր թիմի հետ հայտնաբերել է պարբերական աղյուսակի ամենածանր տարրերը: Նա Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավարն է:

2016թ. հունիսի 8-ին Մաքուր և կիրառական քիմիայի միջազգային միությունը (IUPAC) պաշտոնապես առաջարկել է, որ նոր 118-րդ էլեմենտը անվանվի «օգանեսոն»` ի պատիվ պրոֆ. Յուրի Հովհաննիսյանի: