Հունիս 10, 2026
2026 թվականի հունիսի 9-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Լույսի միջազգային օր» նախաձեռնության շրջանակներում «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում անցկացվեց «Բաց դռների օր», որը համախմբեց դպրոցականների, ուսանողների և գիտությամբ հետաքրքրվող անձանց՝ նպատակ ունենալով երիտասարդ սերնդին ծանոթացնել ժամանակակից գիտության նվաճումներին, լույսի վրա հիմնված տեխնոլոգիաներին և ինստիտուտի գիտահետազոտական գործունեությանը։
Միջոցառմանը մասնակցել են շուրջ 100 դպրոցականներ և ուսանողներ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանից, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայից, «Քվանտ» վարժարանից, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից, Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցից, Երևանի թիվ 130 հիմնական դպրոցից։
Այցի ընթացքում մասնակիցները շրջել են ինստիտուտի գիտական լաբորատորիաներով, ծանոթացել արագացուցչային և սինքրոտրոնային տեխնոլոգիաների կիրառություններին, ժամանակակից գիտական սարքավորումներին և դրանց միջոցով իրականացվող հետազոտություններին։ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի գիտաշխատողները ներկայացրել են լույսի և էլեկտրամագնիսական ճառագայթման հիմնարար դերը ֆիզիկայի, նյութագիտության, կենսաբանության, բժշկության և այլ գիտական ոլորտներում։
Հյուրերի համար կազմակերպվել էին նաև գիտահանրամատչելի ցուցադրություններ և փորձեր, որոնք հնարավորություն տվեցին դիտարկել լույսի տարբեր հատկություններն ու ֆիզիկական երևույթները՝ դրանք ներկայացնելով հասկանալի և հետաքրքիր ձևաչափով։ Մասնակիցները հնարավորություն ունեցան անմիջականորեն շփվել գիտնականների հետ, ծանոթանալ նրանց մասնագիտական գործունեությանը և քննարկել գիտության ու տեխնոլոգիաների զարգացման արդի ուղղությունները։
Միջոցառման կարևոր բաղադրիչներից էր երիտասարդների մասնագիտական կողմնորոշման խթանումը։ Գիտական միջավայրին անմիջական ծանոթությունը հնարավորություն տվեց մասնակիցներին ավելի լավ պատկերացնել հետազոտողի աշխատանքը, գիտական որոնումների գործընթացը և գիտության դերը ժամանակակից աշխարհի զարգացման մեջ։
Լույսի միջազգային օրվան նվիրված «Բաց դռների օրը» ևս մեկ անգամ ընդգծեց գիտության հանրայնացման և երիտասարդների գիտական կրթության կարևորությունը՝ նպաստելով գիտության հանդեպ հետաքրքրության ձևավորմանը և նոր սերնդի ներգրավմանը գիտահետազոտական գործունեության մեջ։

