Հունիս 1, 2026
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Լույսի օր» համաշխարհային նախաձեռնության շրջանակում «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ն 2026 թվականի հունիսի 9-ին կազմակերպում է Բաց դռների օր՝ նվիրված մեծ բարերար, ինստիտուտի հիմնադիր և առաջին նախագահ Ժիրայր Հովնանյանի հիշատակին։ Միջոցառումը հրաշալի հնարավորություն է բոլոր հետաքրքրվողների համար ծանոթանալու առաջադեմ գիտությանը և բացահայտելու, թե ինչ հետազոտություններ են իրականացվում ինստիտուտի լաբորատորիաներում։ Այցելուները կկարողանան ուսումնասիրել նորարարական սարքավորումները, մասնակցել հանրամատչելի գիտափորձերի և գիտության աշխարհը բացահայտել հետաքրքիր ու հասանելի ձևով։ Միջոցառումը կանցկացվի ժամը 10:00-ից մինչև 15:00-ն՝ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում (Աճառյան 31, Երևան)։ Բաց դռների օրվա շրջանակում կանցկացվի նաև «Գիտություն և լույս. կիրառություններ» խորագրով ֆոտոպատմության մրցույթը, որը նախատեսված է 12-17 տարեկան դպրոցականների համար։ Մասնակիցները պետք է ներկայացնեն մինչև 10 լուսանկարից բաղկացած պատմություն՝ արտացոլելով լույսի և գիտության կիրառությունները։ Աշխատանքները պետք է ուղարկել info@asls.candle.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով անունը, ազգանունը, դպրոցը և տարիքը, իսկ նամակի թեմայում գրել «Լույսի օր 2026»։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն հունիսի 9-ին՝ միջոցառման ընթացքում, որտեղ կպարգևատրվեն առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները։ Մրցանակ կստանա նաև առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերած դպրոցը։

