Հունիս 30, 2026

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում հաջողությամբ մեկնարկեց «UBA-2026» աշխատաժողովը

«ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում՝ Գերմանիայի DESY գիտական կենտրոնի և Իտալիայի Ազգային միջուկային ֆիզիկայի ինստիտուտի (Istituto Nazionale di Fisica Nucleare, INFN) հետ համագործակցությամբ, 2026 թվականի հունիսի 29-ին հաջողությամբ մեկնարկեց UBA 2026 (Ultrafast Beams and Applications – գերարագ փնջեր և կիրառություններ) աշխատաժողովը։ Աշխատաժողովն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։

2017 թվականին իր հիմնադրումից ի վեր՝ երկամյա պարբերությամբ իրականացվող UBA աշխատաժողովը դարձել է միջազգային հեղինակավոր գիտական հարթակ: Այն նվիրված է գերարագ փնջերի, արագացուցիչների նորարարական գաղափարների, ճառագայթման նոր աղբյուրների և դրանց՝ կյանքի մասին գիտությունների գիտակարգային հետազոտություններում կիրառությունների վերջին ձեռքբերումների ներկայացմանն ու քննարկմանը։ Աշխատաժողովը համախմբել է առաջատար գիտնականների, արագացուցչային ֆիզիկոսների և տարբեր գիտական ուղղությունների մասնագետների՝ գիտելիքների փոխանակման, վերջին արդյունքների ներկայացման և արագացուցչային գիտության ու հարակից տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների քննարկման նպատակով։
UBA 2026-ի նպատակն է՝ ամրապնդել միջազգային գիտական համագործակցությունը, խթանել գիտելիքների փոխանակումն ու նպաստել նոր հետազոտական նախաձեռնությունների ձևավորմանը՝ արագացուցչային գիտության, գերարագ փնջերի տեխնոլոգիաների և ճառագայթման վրա հիմնված կիրառությունների ոլորտներում։

UBA 2026 աշխատաժողովին մասնակցում են գիտնականներ ԱՄՆ-ից, Իտալիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Հայաստանի գործընկեր ինստիտուտներից՝ հնարավորություն ընձեռելով ներկայացնելու նոր արագացուցչային նախագծեր, նորարարական հայեցակարգեր և առաջադեմ տեխնոլոգիական լուծումներ։ Գիտական ծրագրում առանձնահատուկ ուշադրության են արժանանում արագացուցչային ֆիզիկայի զարգացումը, հաջորդ սերնդի ճառագայթման աղբյուրների մշակումներն ու տարբեր գիտական ոլորտներում արագացուցչային տեխնոլոգիաների կիրառման նորագույն մոտեցումները։