Հունիս 10, 2021

Լույսի միջազգային օրը «ՔԵՆԴԼ»-ում

Սույն թվականի հունիսի 9-ին «ՔԵՆԴԼ» թիմը կազմակերպել էր ամենամյա “Illumination of the Unknown” խորագիրը կրող միջոցառումը, որը նվիրվում է «ՔԵՆԴԼ» ինստիտուտի հիմնադիր և առաջին նախագահ, մեծ բարերար Ժիրայր Հովնանյանի հիշատակին (1927–2007թթ.):

Լույսի միջազգային օրը միտված է բարձրացնել իրազեկվածությունը գիտության և տեխնոլոգիաների կարևորության մասին, ինչպես նաև այնպիսի բնագավառների, ինչպիսիք են հաղորդակցությունը, կայուն զարգացումը, առողջապահությունը և այլն:

Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի, թիվ 87 միջնակարգ դպրոցի, թիվ 174 հիմնական դպրոցի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավելի քան 80 աշակերտներ դարձան այս իրական տոնակատարության մասնակիցները: Հյուրերին ողջունեց «ՔԵՆԴԼ» ՍՀԻ տնօրեն Բագրատ Գրիգորյանը, ով խոսեց լույսի ծագման և աղբյուրների, ինչպես նաև մեր առօրյա կյանքում դրա կարևորության մասին:

Ծրագիրը ներառում էր լույսի կիրառության վերաբերյալ մի շարք տեղեկատվական և կրթական վիդեոներ, լրիվ ներքին անդրադարձման և օպտիկական ալիքատարների, ֆոտոէլաստիկության և վակուումային խցիկի իոնիզացման, այրման ռեժիմում BST-ի հիման վրա ֆերրոմագնիսական նյութերի ստացման վերաբերյալ փորձեր, իսկ վերջում հյուրերն այցելեցին ԱՐԵԱԼ արագացուցչային համալիր: