Դեկտեմբեր 20, 2018

Հուշամեդալի շնորհում

Սույն թվականի դեկտեմբերի 4-ին Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) 75-ամյակի առթիվ «ՔԵՆԴԼ» ինստիտուտի առաջատար գիտնական պրոֆ. Է. Լազիևին շնորհվեց հուշամեդալ՝ ի պատիվ ԵրՖԻ կայացման և զարգացման գործում նրա ունեցած հսկայական և անգնահատելի ավանդի, 6 ԳէՎ էներգիայով ԱՐՈՒՍ արագացուցչի կառուցման, ինչպես նաև ԵրՖԻ արագացուցչային բաժնի երկար տարիների ղեկավարման համար:

Էդուարդ Լազիևը ծնվել է 1933թ.-ին Ախալցխայում (Վրաստան): Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտը ավարտելուց հետո, 1958թ.-ին Ալիխանյանի կողմից հրավեր ստանալով, միացել է ԱՐՈՒՍ նախագծի իրականացման աշխատանքներին՝ այդ ժամանակների արագացուցչային ֆիզիկա ուղղության առաջատար մասնագետներից մեկի՝ պրոֆ. Յուրի Օրլովի խմբում: Ավելի ուշ, Է. Լազիևը ղեկավարել է ԱՐՈՒՍ սինքրոտրոնի համար նախատեսված 50 ՄէՎ էներգիայով գծային արագացուցիչ-ինժեկտորի կառուցումը: ԱՐՈՒՍ նախագծի ավարտից հետո Է. Լազիևը փոխտնօրենի պաշտոնում ղեկավարել է ԵրՖԻ-ի արագացուցչային բաժինը:

1982թ.-ին պրոֆ. Լազիևը ձեռնարկել և ղեկավարել է 20 ՄէՎ էներգիայով գծային էլեկտրոնային արագացուցչի նախագծումն ու կառուցումը, որը նախատեսված էր լիցքավորված մասնիկների արագացման նոր մեթոդների փորձարարական հետազոտությունների համար: Ինստիտուտում իրականացվող այս հետազոտությունները հիմք հանդիսացան 1989թ.-ին Հայաստանում միջազգային աշխատաժողովի կազմակերպման համար, որին մասնակցում էին ոլորտի առաջատար մասնագետներ՝ Բ. Փալմերը, Ց. Պելեգրինին, Ջ. Սիմփսոնը, Հ. Հենկեն, Տ. Վեյլանդը, Ա. Նովոխացկին, Տ. Քաթսուլեասը, Ա. Սառաթսևը և այլոք:

Ներկայումս Էդուարդ Լազիևը շարունակում է իր գիտական գործունեությունը «ՔԵՆԴԼ» ինստիտուտում, և մեր թիմը իր խորին շնորհակալությունն ու հարգանքն է հայտնում Հայաստանում արագացուցչային ֆիզիկայի զարգացման մեջ նրա ունեցած անգնահատելի ավանդի համար: