Նոյեմբեր 29, 2021

«Եվրոպական սինքրոտրոնային լույսի աղբյուր» աշխատաժողով 2021

Սույն թվականի նոյեմբերի 24-25, ՔՈՎԻԴ-19 համաճարակի սահմանափակումներով պայմանավորված, European Synchrotron Radiation Facility29-րդ «Եվրոպական սինքրոտրոնային լույսի աղբյուր» աշխատաժողովը կազմակերպել էր առցանց: Այս ամենամյա աշխատաժողովի ընթացքում քննարկվել են սինքրոտրոնային լույսի աղբյուրների նախագծման, կառուցման, գործարկման, բարելավման և վերազինման աշխատանքները, մասնավորապես՝ կուտակիչ օղակների վրա հիմնված աղբյուրները և յուրաքանչյուր արագացուցչային համակարգի վրա իրականացվող ընթացիկ աշխատանքները։

Աշխատաժողովի ընթացքում զեկույցով հանդես եկավ նաև «ՔԵՆԴԼ» ինստիտուտի տնօրեն Բագրատ Գրիգորյանը, ով ներկայացրեց ՔԵՆԴԼ նախագծի ներկայիս կարգավիճակը և հեռանկարները՝ իր ելույթը նվիրելով ինստիտուտի նախկին տնօրեն Վասիլի Ցականովի հիշատակին, ով 2021թ․ անսպասելիորեն հեռացավ կյանքից։ Բ. Գրիգորյանը ներկայացրեց բարձր պայծառությամբ ՔԵՆԴԼ սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի պատմությունը, խոսեց ԱՐԵԱԼ-ում իրականացվող գիտական ​​աշխատանքների, արդեն իսկ կազմավորված միջազգային օգտատերերի հանրության և ոլորտում ապագա հեռանկարների մասին: