Հուլիս 10, 2017

«Գերարագ փնջեր և կիրառություններ»

Սույն թվականի հուլիսի 4-7-ը, «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում անցկացվեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի և «ԴԵՍԻ» արագացուցչային կենտրոնի կողմից կազմակերպված «Գերարագ փնջեր և կիրառություններ» խորագրով միջազգային գիտաժողով: «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի 15-րդ տարելիցին նվիրված նիստերից մեկին ներկա էին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: Բարձր պայծառությամբ «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի վերջին առաջխաղացումների շուրջ ելույթ ունեցավ Ա. Սարգսյանը, այնուհետև, արագացուցչային ֆիզիկայի և տեխնոլոգիայի բնագավառներում վերջին 60 տարիների ընթացքում հայ-գերմանական համագործակցության շուրջ ակնարկով հանդես եկավ Վ. Ցականովը: Վերջին երեք տասնամյակների ընթացքում հայ և գերմանացի գիտնականների միջև միջազգային համագործակցության աջակցության, ինչպես նաև Հայաստանում արագացուցչային ֆիզիկայի և տեխնոլոգիայի հաստատման և զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար գիտության պետական կոմիտեի կողմից Համբուրգի համալսարանի պատվավոր պրոֆ. Յորգ Ռոսբախին հանդիսավոր կերպով շնորհվեց ոսկե մեդալ: Կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը իրենց ելույթներում բարձր գնահատական տվեցին հայ-գերմանական գիտական համագործակցությանը և դրա հեռանկարներին:

Այնուհետև, հյուրերը շրջայց կատարեցին «ԱՐԵԱԼ» արագացուցչային համալիրում, ծանոթացան ընթացիկ աշխատանքներին և «ԴԵՍԻ» կենտրոնի կողմից տրամադրված տերահերցային տիրույթի օնդուլյատորի միջոցով ազատ էլեկտրոնային լազերի (ԱԷԼ) ստեղծման հեռանկարներին: Պրոֆ. Յ. Ռոսբախը և կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը եղևնիներ տնկեցին՝ ի նշան հայ-գերմանական գիտական համագործակցության ամրապնդման: