Մարտ 19, 2021

Նոր էլեկտրոնային սկանավորող մանրադիտակի տեղադրումը «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում

Zeiss ընկերության Evo 10 սկանավորող էլեկտրոնային մանրադիտակը հաջողությամբ տեղադրվել է «ՔԵՆԴԼ» ինստիտուտում և արդեն իսկ հանձնվել է լիարժեք շահագործման: ՔԵՆԴԼ թիմն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Հրայր և Աննա Հովնանյան» Հիմնադրամին տրամադրված դրամաշնորհի համար, որը թույլ տվեց ձեռք բերել բոլորովին նոր սկանավորող էլեկտրոնային մանրադիտակը: Մանրադիտակը «ՔԵՆԴԼ» ինստիտուտում մոտ ապագայում ստեղծվող, ինստիտուտի հիմնադիր և առաջին նախագահ Ժիրայր Հովնանյանի անվան լաբորատորիայի յուրահատուկ սարքավորում է:

Մանրադիտակի տեղադրումն իրականացվել է Carl Zeiss ընկերության ինժեներ Ալմազ Հասանովի կողմից, ով եռօրյա վերապատրաստում իրականացրեց «ՔԵՆԴԼ»-ի գիտական աշխատակազմի համար: Carl Zeiss AG ընկերության կողմից Evo 10 մանրադիտակը մակերեսների վերլուծության յուրահատուկ գործիք է և էականորեն կուժեղացնի «ՔԵՆԴԼ» ինստիտուտի՝ նյութերի հատկությունների բնութագրման կարողությունները:

Սարքը համալրված է տարբեր տեսակի դետեկտորներով, որոնք թույլ են տալիս բարձր-լուծողունակությամբ պատկերներ ստանալ ու տարբեր տեսակի օրգանական և ոչ օրգանական նմուշների տարրական վերլուծություն իրականացնել: Evo 10 մանրադիտակի յուրահատկությունն այն է, որ այն թույլ է տալիս հեշտորեն և արագորեն բարձրորակ տվյալներ ստանալ՝ նմուշի նախապատրաստման մինիմալ պահանջներով: Սարքի միջոցով կարելի է մակերևույթի հատկությունների 7-1,000,000 անգամ մեծացված պատկերներ ստանալ, ինչը թույլ է տալիս նմուշների կազմության նանոմասշտաբային վերլուծություն իրականացնել:

«ՔԵՆԴԼ» ինստիտուտի գիտնականներին և ԱՐԵԱԼ արագացուցչի վրա փորձեր իրականացնող հետազոտողներին հնարավորություն է ընձեռվել օգտվել վերոնշյալ մանրադիտակի հատկություններից և ժամանակակից ու նորարարական ուսումնասիրություններ իրականացնել նյութագիտության և նանոտեխնոլոգիաների, կենսաբանության և կենսաբժշկության, պինդ մարմնի ֆիզիկայի, էլեկտրոնիկայի ու օպտիկայի, ինժեներության և շատ ու շատ այլ բնագավառներում: