Հուլիս 19, 2018

Փոխըմբռնման հուշագիր Rohde & Schwarz Int. GmbH-ի և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ միջև

Սույն թվականի հուլիսի 18-ին «Բաց դռների օր «ՔԵՆԴԼ»-ում» միջոցառման ընթացքում Rohde & Schwarz International GmbH-ի (Գերմանիա) և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր: Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ ԿԳՆ Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Rohde & Schwarz Int. GmbH-ն կապի, տեղեկատվության և անվտանգության ոլորտներում առաջատար դիրք ունեցող համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն է:

«ՔԵՆԴԼ»-ը գիտահետազոտական ինստիտուտ է, որը վերջերս ավարտին է հասցրել ժամանակակից ավտոմատացման և ղեկավարման համակարգ ունեցող ԱՐԵԱԼ լազերով ղեկավարվող էլեկտրոնային արագացուցիչը:

Հուշագիրը նվիրված է «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում նոր կրթական և վերապատրաստման կենտրոնի ստեղծմանը: Հուշագրում մասնավորապես նշվում է՝

«Հաշվի առնելով ժամանակակից արագացուցիչների համար հեռահաղորդակցման, ԳԲՀ և միկրոալիքային սարքերի բաղադրիչ մասերի զարգացման, առաջխաղացման և շահագործման կարևորությունը՝ երկու կողմն էլ նշում են, որ այս ուղղություններով համագործակցումը փոխշահավետ է և կհանգեցնի նոր տեխնիկական ու գիտական ձեռքբերումների:

Երկու կողմն էլ համաձայն են, որ վերոնշյալ նպատակներին կարելի է հասնել «ՔԵՆԴԼ» ինստիտուտում ժամանակակից հեռահաղորդակցման և ղեկավարման, ԳԲՀ և միկրոալիքային սարքերով զբաղվող կրթական և վերապատրաստման կենտրոն հիմնելով: Նոր կենտրոնը բաց կլինի Հայաստանի, ինչպես նաև ՀՀ սահմաններից դուրս գտնվող գիտական ու կրթական հաստատությունների համար և կնպաստի ընդհանուր հետաքրքրությունների բնագավառներում գիտնականների և ճարտարագետների նոր սերնդի ստեղծմանը»:

Այս փոխըմբռնման հուշագիրը նպատակ ունի զարգացնելու և ընդլայնելու երկու կողմերի միջև համագործակցության շրջանակը՝ փոխշահավետ ծրագրերի, նախագծերի և բիզնես առաջարկների համար: