Հուլիս 4, 2018

Բաց դռների օր «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում

ՀՀ ԿԳՆ Գիտության կոմիտեն «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի հետ համատեղ Հայաստանի բնակչության, արտերկրից ժամանած հյուրերի և ԶԼՄ ներկայացուցիչների համար սույն թվականի հուլիսի 18-ին «ՔԵՆԴԼ» ինստիտուտում կազմակերպում է բաց դռների օր: Առաջին անգամ լայն հանրության համար բաց են լինելու ինստիտուտի՝ ռադիոֆիզիկայի, լազերային տեխնիկայի, մագնիսական չափումների, գերբարձր վակուումային տեխնիկայի, դիֆուզիոն եռակցման և զոդման, նորագույն նյութերի և միկրոսարքերի, փորձարարական կենսաբանության հետազոտական լաբորատորիաները: Հյուրերին կներկայացվի ԱՐԵԱԼ էլեկտրոնային արագացուցիչը, որը թույլ է տալիս ժամանակակից հետազոտություններ իրականացնել ֆիզիկայի, կենսաբանության, բժշկության, նյութագիտության, քիմիայի և մի շարք այլ գիտական ոլորտներում:

ԱՐԵԱԼ արագացուցչի վրա իրականացվող հետազոտական ծրագրերի մեջ ընդգրկված են Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԵրՖԻ), ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Ա. Ի. Բուռնազյանի անվ. դաշնային բժշկական բիոֆիզիկական կենտրոնի, Վրաստանի Ֆ. Տավադձեի անվան մետալուրգիայի և նյութագիտության ինստիտուտի և այլ հաստատությունների գիտական խմբեր:

Այցելուները կծանոթանան «ՔԵՆԴԼ» ինստիտուտի ստեղծման պատմությանը, ընթացիկ հետազոտական աշխատանքներին, ԱՐԵԱԼ արագացուցչային համալիրի զարգացման և միջազգային համագործակցության հեռանկարներին:

Սիրով հրավիրում ենք աշակերտներին, ուսանողներին, գիտնականներին, ճարտարագետներին, բոլոր այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են Հայաստանում գիտության արդի վիճակով և զարգացման հեռանկարներով, մասնակցելու այս միջոցառմանը:

«ՔԵՆԴԼ» ինստիտուտի դռները բաց կլինեն ժ. 10:00-16:00: