Հուլիս 7, 2026

UBA 2026 աշխատաժողովը հաջողությամբ ավարտվեց «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում

«ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում հաջողությամբ ավարտվեց ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ համաֆինանսավորմամբ կազմակերպված UBA 2026 աշխատաժողովը, որն իրականացվել է Գերմանիայի DESY գիտական կենտրոնի և Իտալիայի Միջուկային Ֆիզիկայի Ազգային Ինստիտուտի (INFN) հետ համագործակցությամբ։ 2017թ.-ից երկամյա պարբերությամբ իրականացվող UBA աշխատաժողովին այս տարի առաջին անգամ միացել էին նաև ԱՄՆ-ի ճանաչված գիտական կենտրոնների և արագացուցչային տեխնոլոգիաների զարգացման ընկերությունների ներկայացուցիչները:

Մեկ շաբաթվա ընթացքում աշխատաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու միջազգային ճանաչում ունեցող գիտնականների ընթացիկ աշխատանքներին և ներկայացնելու իրենց գիտական հետազոտությունները՝ ձևավորելով ակտիվ գիտական քննարկումների, փորձի փոխանակման և համագործակցության յուրահատուկ միջավայր։ UBA 2026-ը ևս մեկ անգամ ընդգծեց տարբեր երկրների և գիտական ոլորտների հետազոտողների համախմբման կարևորությունը՝ նոր գիտելիքների փոխանակման, նոր գաղափարների ձևավորման և երկարաժամկետ միջազգային համագործակցությունների զարգացման նպատակով։

Աշխատաժողովն ավարտվեց փակման պաշտոնական արարողությամբ, որի ընթացքում կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին մասնակիցներին և աջակցող կազմակերպություններին,՝ որոնց նվիրված աշխատանքի և աջակցության շնորհիվ UBA 2026-ը դարձավ արդյունավետ, բովանդակալից և ոգեշնչող գիտական միջոցառում։

Առանձնահատուկ ընդգծվեց, որ աշխատաժողովի ընթացքում ձևավորված գիտական կապերը, մասնագիտական համագործակցությունները և գաղափարների փոխանակումը շարունակական կլինեն՝ նպաստելով ապագա հետազոտական ծրագրերի իրականացմանը և արագացուցիչների վրա հիմնված գիտության միջազգային համայնքի հետագա զարգացմանը։