Փետրվար 2, 2016

Հանդիպումներ հետազոտական խմբերի հետ

2016թ.-ի հունվարի 15-31 ընկած ժամանակահատվածում հանդիպումներ տեղի ունեցան «ՔԵՆԴԼ» ՍՀԻ անձնակազմի և Երևանի Պետական Համալսարանի, Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ), Ճառագայթային Բժշկության և Այրվածքների Գիտական Կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Կենսատեխնոլոգիայի ինստիտուտի, Մոլեկուլային Կենսաբանության և Ֆիզիկական Հետազոտությունների Ինստիտուտների հետազոտական խմբերի միջև: Քննարկվեցին «ԱՐԵԱԼ» և «ԴԵԼՏԱ» փորձարարական կայաններում իրականացվելիք նոր գիտական հայտերը: Վերջիններս ընդգրկում են ֆիզիկայի, կենսաբանության, նյութագիտության, կյանքի և շրջակա միջավայրի մասին գիտությունների տարբեր բնագավառներ:

«ԱՐԵԱԼ»-ը (AREAL – Advanced Research Electron Accelerator Laboratory) լազերով ղեկավարվող արագացուցիչ է, որը օգտագործում են 5 ՄԷՎ էներգիայով գերկարճ (սուբպիկովայրկյանային) էլեկտրոնային փնջեր ստանալու համար:

«ԴԵԼՏԱ»-ն (DELTA- Dedicated Experimental Lines for Time Resolved Analysis) լազերով ղեկավարվող երկֆոտոն մանրադիտակի և միկրոմշակման կայաններով լաբորատորիա է:

Գիտական խմբերը ծանոթացան «ՔԵՆԴԼ» ՍՀԻ հիմնական փորձարարական սարքավորումներին: Քննարկվեցին նաև առաջիկա փորձերի տեխնիկական մանրամասները (կազմակերպչական հարցեր, ժամանակացույց, «ՔԵՆԴԼ» ՍՀԻ մասնագետների և փորձարարների միջև կապի հաստատում, պահանջվող նյութեր և սարքավորումներ):

Նոր առաջադրված հայտերի հետ մեկտեղ «ԱՐԵԱԼ» և «ԴԵԼՏԱ» փորձարարական կայաններում աշխատող հետազոտական խմբերի ընդհանուր թիվը, այսպիսով, հասավ 18-ի (ընդամենը՝ 26 հետազոտական նախագիծ):